Տեղի է ունեցել ՀՀ-ի և Իրանի արդարադատության նախարարությունների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը, որի աշխատանքները ղեկավարել են հայկական կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կոմիտեի հիմնաքարը դրվել է 2021 թվականին արդարադատության նախարարի այցի շրջանակներում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ողջունել է հանդիպման բոլոր մասնակիցներին և շնորհակալություն է հայտնել իրանական պատվիրակության ղեկավարին և անդամներին՝ կոմիտեի աշխատանքները սկսելու և անդրանիկ նիստը Երևանում անցկացնելու հրավերն ընդունելու համար։
Կոմիտեի քննարկման թեմաների շրջանակներում պատվիրակությունները գնահատել են Հայաստանի Հնարապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված և իրավական ոլորտը կարգավորող միջպետական պայմանագրերի կատարման ընթացքը:
Առանձին քննարկման առարկա են հանդիսացել «Քաղաքացիական և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» 2006 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի կատարման ընթացքը, որի արդյունքում որոշվել է լրացնել նշված պայմանագիրը նոր դրույթով՝ դիվանագիտական կապուղիներով համաձայնեցված փոփոխությունները միմյանց տրամադրելու տարբերակով:
Երկու երկրների միջև հանձնման (էքստրադիցիայի) և դատապարտյալների փոխանցման ոլորտում արձանագրելով ակնառու հաջողությունները՝ կողմերը համաձայնության են եկել պայմանագրերի կիրառման ընթացքում ծագող խնդիրները լուծել գործընկերային շրջանակներում՝ հընթացս խոչընդոտներին գործնական լուծումներ տալու ճանապարհով:
Կողմերը պայմանավորվել են կոմիտեի աշխատանքները դարձնել ամենամյա՝ հրավիրելով դրանք Երևանում և Թեհրանում, քանի որ դրանք զգալիորեն խորացնում և զարգացնում են երկկողմ համագործակցությունը իրավական օգնության ոլորտում։
Կոմիտեի առաջին նիստի օրակարգային հարցերի քննարկման արդյունքներն ու կայացված որոշումներն ամփոփվել են Արձանագրությունում, որը համաձայնեցվել է մասնակիցների միջև և ստորագրվել պատվիրակությունների ղեկավարների կողմից։
Կարծիքներ