Արա Այվազյանը Մոսկվայում փետրվարի 17-ին կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի մայրաքաղաքում Այվազյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնեն: Հաղորդագրության համաձայն՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Հատուկ անդրադարձ է կատարվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքի վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա: «Նաև համաձայնեցվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ենթատեքստում համատեղ աշխատանքի պլանները»,- եզրափակում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը:
Կարծիքներ