ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ աճող հետապնդումների առիթով
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ:
Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգ է ԺԴԿ-ի նկատմամբ ահագնացող ճնշումների կապակցությամբ՝ մանրամասնելով, որ դրանք արտահայտվում են ձերբակալությունների, ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելու և 1-ին հայացքից քաղաքական նկատառումներով նրանց նկատմամբ դատական գործընթացներ սկսելու, ինչպես նաև ԺԴԿ-ական պատգամավորների մանդատից զրկելու ձևով: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
«Այս զարգացումները, Թուրքիայի կողմից Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ ՄԻԵԴ-ի ընդունած որոշման չիրականացումը և ԺԴԿ-ի հարյուրավոր ընտրված ՏԻՄ ղեկավարներին ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով կալանավորելը ավելի է վատացնում իրավիճակը
Մեղսագրվող ցանկացած հանցանքի կամ զանցանքի դեպքում պետք է առաջնորդվել իրավական գործընթացներով և պահպանել անմեղության կանխավարկածը:
Երկար ժամանակ Եվրախորհրդի անդամ և ԵՄ թեկնածու երկիր Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը»:
Նշենք, որ ԺԴԿ-ականների նկատմամբ հետապնդումները հատկապես նոր թափ են ստացել Թուրքիայի ԶՈւ կողմից փետրվարի 10-ին Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների դեմ իրականացված անհաջող օպերացիայից հետո: ՔԲԿ-ականների կողմից նախկինում գերեվարված 13 ուժայիններն ազատելու նպատակով իրականացված օպերացիայի ընթացքում թուրքական ԶՈւ-ին չհաջողվեց ազատել պատանդներին: Վերջիններս սպանվեցին քուրդ զինյալների կողմից:
Կարծիքներ