Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Երևանում ապօրինի հինգ կրպակ է տեղադրվել
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, Երևանում ապօրինի հինգ կրպակ է տեղադրվել, որոնցից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ:
Այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այդ օրը ոստիկանական մեծ ուժեր չկային, քանի որ նրանք զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, և մարդիկ չեն կարողացել խոչընդոտել կրպակների տեղադրմանը: Սա ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններով սահմանափակվող, այլև օրենսդրական, ոստիկանության, ուժայինների, դատախազության, ազգային անվտանգության հետ կապված համակարգային հարց է, որը մեր օրակարգում է: Շատ շուտով այն մարդիկ, որոնք խախտել են օրենքը, կզգան օրենքի ուժը: Գործողությունները չեն ուշանա»,- շեշտեց Երևանի քաղաքապետը:
Նրա համոզմամբ՝ գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են աշխատում:
Մարությանը հիշեցրեց, որ ապօրինի կրպակների տեղադրման դեպքեր են եղել նաև գիշերը: «Մեր աշխատակիցներից ութը, ինչպես նաև երեք ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակցել է 40-50 մարդ: Մեր աշխատակիցները և ոստիկանությունը փորձել են կանխել, բայց նրանք զինված են եղել մահակներով, դանակներով: Դա եղել է 7-8 օր առաջ»,- պատմեց Երևանի քաղաքապետը:
Կարծիքներ