Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը՝ ազատ չարձակելով ռազմագերիներին. Արարատ Միրզոյանը՝ Ջոն Գալագերին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ և վստահություն հայտնեց, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:
«Մենք շահագրգռված ենք ընդլայնել և խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները և կարևորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում. «Որպես ԱԺ նախագահ՝ արժևորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ և շոշափելի արդյունքներ»:
Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարմանը զուգընթաց բարեկամական խմբերի միջև շփումներն ավելի կակտիվանան:
Օգտվելով առիթից՝ ԱԺ նախագահը Հայաստան հրավիրեց Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին:
«Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնևյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է և մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Միրզոյանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ. «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը և ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»:
Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:
Դեսպանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին:
ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:
Կարծիքներ