Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրավիճակը սահմանում
Այս գիշեր 03:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ավելի քանի 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով:
Այս մասին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հենց այդ դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի գործողությունները:
«Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով՝ տվել է զոհեր և վիրավորներ, կորցրել է տեխնիկա: Ապա ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը, զուգահեռ գրոհներ են ձեռնարկել «անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ ԶՈՒ-ն բոլոր գրոհները վստահորեն հետ է մղել և իրավիճակն առել լիակատար հսկողության տակ: Ուզում եմ ընգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան: Վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել են Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ հանձնարարել է ուսումնասիրել վերջին օրերի հասցրած վնասները և տալ գնահատական:
Վարչապետը նաև կարևորեց ՀՀ ԶՈՒ-ի համար ամուր թիկունք լինելը և հիշեցրեց՝ կորոնավիրուսի վարակի դեպքերը շարունակվում են, պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները:
Կարծիքներ