«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Երևանի «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում Հովհաննիսյանը գրել է.

«Հարգելի՛ ընկերներ։

Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակընկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016թ):

Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս  հանդեպ։ Հասցրել եմ նաեւ ձեռք բերել լավ ընկերներ թե կուսակցության ներսում, թե քաղաքական դաշտում եւ թե 2020թ. ռազմի դաշտում։ Հավատարիմ եմ եղել կուսակցության որդեգրած գաղափարներին։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ համագործակցության համար։

Ուր էլ որ լինեմ, շարունակելու եմ ծառայեցնել գիտելիքներս բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու։

Այս պահից սկսած պատրաստ եմ լսելու թե աշխատանքի եւ թե համագործակցության առաջարկներ։

Հ.Գ. ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան։ Գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում»:

Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետարանում զբաղեցրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության պետի պաշտոնը, նաև եղել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ լուրեր էին պտտվում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում չարաշահումների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ծառերի էտումից ստացված բնափայտը վաճառվել է: Այն դեպքում, երբ դա պետք է անվճար տրամադրվի կարիքավորներին: Նշվում է նաեւ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված ստվարաթղթի վաճառքի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում