Հարյուրից ավելի ավտոբուս արգելափակել է ճանապարհն Էյֆելյան աշտարակի մոտ
Ավտոբուսային պարկերի վարորդներն ու ղեկավար օղակի ներկայացուցիչները կազմակերպել են բողոքի ակցիա Էյֆելյան աշտարակի մոտ՝ պահանջելով պետությունից հավելյալ սուբսիդիաներ համավարակի պատճառով զբոսաշրջության կտրուկ անկման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Շատ բարդ տարի էր զբոսաշրջության եւ առհասարակ, տրանսպորտային ոլորտի համար: Ներկայիս տարին նույնպես բարդ է լինելու, քանի որ արդեն հաջորդ ամիս մենք պետք է վերականգնենք տրանսպորտային միջոցների վճարումները կատարելու գործընթացը, իսկ բանկերը չեն ցանկանում ընդառաջել: Դա կհանգեցնի այդպիսի կազմակերպությունների սնանկության,-պատմել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Coimbra Voyages ընկերության տնօրեն Լյուդովիկ Կոիմբրան:-Այժմ բոլոր փոխադրողների կեսը գտնվում է սնանկեցման եզրին»:
Ընդհանուր առմամբ Էյֆելյան աշտարակի մոտ է ժամանել 137 ավտոբուս: «Մենք ակնկալում ենք, որ զբոսաշրջիկները կվերադառնան, բոլորին հասանելի կդառնա պատվաստանյութը, կվերականգնվեն դպրոցական էքսկուրսիաները.ընդհանուր առմամբ ակնկալում ենք տրանսպորտային ակտիվության վերականգնում»,-հայտարարել է Կոիմբրան:
Ցուցարարները պատրաստվում են հանդիպել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ իրենց պահանջները քննարկելու համար: Մասնավորապես, նրանք հույս ունեն բյուջեից ֆիքսված հարկերի մարման համար, որոնք կառավարությունը նախատեսում է դադարեցնել մարտի 31-ից հետո: Ավտոբուսային պարկերի սեփականատերերը նաեւ հույս ունեն պահպանել պետության կողմից աշխատավարձային ֆոնդի ամբողջական մարման հնարավորությունն առնվազն մինչեւ հունիսի 31-ը:
Կարծիքներ