Ես փախչող տեսակ չեմ. Արցախի նախագահը իր հրաժարականը պահանջողներին

Ես փախչող տեսակ չեմ. Արցախի նախագահը իր հրաժարականը պահանջողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և նշել, թե հիմարություն կլինի մտածել, որ հաճույք է ստանում ներկա իրավիճակից, և որ որևէ անձնական շահագրգռվածություն ունի՝ շարունակել պաշտոնավարումը, թե կառչած է աթոռից։

«Ամենևին ո՛չ։ Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը։ Որ հանկարծ ժողովուրդն, այդ թվում և հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ»,- հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը նաև խոսեց փախուստի, դավաճանության, Արցախում մնալ-չմնալու մասին: 44-օրում 38 այց առաջնագծի ամենածանր կետեր, Քարվաճառից, Եղնիկներից մինչև Ջաբրայիլ, առաջնագծի բոլոր ուղղություններում: Ասաց, ամեն տեղում եղել է:

«Ես խոնարհվում եմ մեր տեղահանված, զոհված և բոլոր հայրենակիցների առաջ, որովհետև շատ խնդիրներ կան, դրանք կլուծենք ընթացքում:

Երեկ տեղի է ունեցել հավաք իմ հրաժարականի պահանջով, այսօր էլ այդ հավաքը կազմակերպվում է: Անկախ հավաքի մասնակիցների քանակից, կազմից, քաղաքական հայացքներից ու դրդապատճառներից, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, բոլորը ԱՀ քաղաքացիներն են: Եվ ես հավասարապես պատասխանատու եմ բոլորի համար ու բոլորի առջև»,- նշեց Հարությունյանը:

Հրապարակում հացադուլ հայտարարած մարդկանց Արայիկ Հարությունյանն առողջություն մաղթեց, ասաց նրանք ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում, ինքն էլ պատրաստ է բոլորի հետ երկխոսության: Միակ ակնկալիքը բոլորից օրինապահությունն ու փոխըմբռնում է Արցախի փրկության ու զարգացման նպատակների շուրջ:

Հիշեցնենք, որ երեկվանից Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է իրականացվում:

Իսկ այսօր Հարությունյանը խոստացել էր հրապարակայնորեն հանրահավաքի վայրում բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում