Հավատացած ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն առկա խնդիրները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մոսավին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ:
Իրանի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱԳՆ խոսնակը շեշտել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստնի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
«Մենք հավատացած ենք, որ հարևան երկու երկրներն առկա խնդիրները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է խնդրի լուծման հարցում կողմերին աջակցելու իր պատրաստակամության մասին»,- ասված է Իրանի ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում, տուժածներ չկա, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Հայկական կողմում 3 զինծառայող բեկորային վնասվածք է ստացել, վիրավորվել է նաև սահմանային ծառայություն իրականացնող 2 ոստիկան: Նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Կարծիքներ