Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի աշխատանքը եւ դպրոցի շինարարությունը․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի եւ սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երեւանում կասեցրել է նաեւ Ներսիսյան 3 հասցեում ՀիդրոԷնշին ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։ Նախորդիվ այստեղ անակնկալը ստուգայցը պարզել էր, որ շինարարության ընթացքում չեն պահպանվում ոչ միայն պարետի սահմանած հակահամաճարակային, այլեւ շինարարական անվտանգության նորմերը։ Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները եւ դիմակները նետված են եղել շուրջբոլորը, ապահովված չեն եղել լվացման եւ ընդմիջման համար պատշաճ պայմաններ։ Նկատվել են նաեւ խմիչքի շշեր, մինչդեռ ալկոհոլի օգտագործումը շինաշխատանքների ընթացքում խստիվ արգելված է, քանի որ կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։
ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը տնտեսվարողի ուշադրությունն է հրավիրել խախտումների վրա։ Կարգադրվել է անմիջապես շտկել դրանք, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաեւ անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում են։ Նաեւ կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսվարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։ «Ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են»,-փաստում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։ Բայց դինամիկան, ըստ նրա, դրական է․ խախտումները զգալիորեն նվազել են։
Կարծիքներ