Դատախազությունն առաջարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններով վերացնել կանխամտածված սնանկության հանցակազմի անորոշությունները
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են կանխամտածված սնանկության քրեական գործերով կայացվող դատական ակտերը՝ նշված հանցագործության դեպքերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Դատախազությունից տեղեկացնում են՝ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի դիսպոզիցիայում որպես կանխամտածված սնանկության հանցակազմի հատկանիշ օգտագործվող «անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը» ձևակերպումը բավական անորոշ է, ինչը խոչընդոտում է այդ դեպքերի բացահայտմանը և քրեական պատասխանատվության իրացմանը: Հստակեցված չէ, թե որոնք են այն հանգամանքները, իրավաբանական փաստերը, որոնք կարող են որակվել որպես անվճարունակության հատկանիշներ: Իրավական այս անորոշության պատճառով դատարանները կայացնում են արդարացման դատական ակտեր:
Օրինակ, դատարանում ավարտված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի և 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված մի քրեական գործով կայացվել է արդարացման դատավճիռ և ամբաստանյալն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով այն դեպքում, երբ վերջինս նախաքննական իր ցուցմունքներում լիովին ընդունել էր մեղավորությունն ու տվել խոստովանական ցուցմունքներ:
Չնայած, ամբաստանյալն ընդունել էր մեղավորությունը, սակայն պատճառաբանել էր, որ ակտիվներն ուղղել է ունեցած վարկային պարտավորությունների մարմանն ու ընտանիքի կարիքները հոգալուն: Նշանակված լրացուցիչ փորձաքննությամբ հերքվել է պատճառաբանությունը և հաստատվել, որ ՍՊԸ տնօրենն իր վարկային բոլոր պարտավորությունները մարելուց հետո, ունեցած ակտիվների հաշվին կարող էր մարել նաև հարկային պարտավորությունները:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից ու չի ընդունել մեղքը՝ հայտնելով, որ չի ունեցել բավարար դրամական միջոցներ գոյացած հարկային պարտավորությունները մարելու համար:
Կայացրած դատավճռի մեջ դատարանն արձանագրել է, որ նա չի գնացել կանխամտածված սնանկության ու չի խուսափել հարկերը վճարելուց, այլ ընկերությունում առաջացել են ֆինանսական դժվարություններ, որոնցով պայմանավորված՝ ամբաստանյալը չի կարողացել գումարներն ուղղել հարկային պարտավորությունների մարմանը: Այդ նպատակով գրավադրել է իր և բարեկամների բնակարանները, իսկ ստացված դրամական միջոցներն էլ ուղղել է վարկային պարտավորությունների մարմանը:
Կանխամտածված սնանկության հանցակազմում տեղ գտած անորոշ ձևակերպումներից, դրանց սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու խնդիրը լուծելու նպատակով ուսումնասիրվել է նաև միջազգային պրակտիկան և մի քանի երկրների քրեական օրենսդրությունը: Արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հանցակազմերի դիսպոզիցիաները, որպես կանոն, նախատեսում են կոնկրետ գործողություններ, որոնց դիտավորյալ կատարման դեպքում միայն անձը ենթակա է քրեական պատասխանատվության:
Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածը լրացման ենթարկելու օրինագծի առաջարկություն, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Ըստ այդմ՝ ՀՀ դատախազությունն առաջարկել է նշված հոդվածում որպես անվճարունակության հատկանիշներ սահմանել հաշվեկշռում առկա կամ սեփականության իրավունքով պատկանող գույքի դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, ակնհայտ անշահավետ, կեղծ, շինծու գործարքներ կնքելը, ակնհայտ անհիմն նվիրատվությունը, պահանջի ակնհայտ անհիմն ներումը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, գույքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառելը, ծառայությունը կամ աշխատանքն ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցելը, ուրիշի պարտքը սեփականը դարձնելը, միջոցները ոչ նպատակային օգտագործելը, ակտիվների նվազեցումը:
Նման կարգավորումը հնարավորություն կտա այս ուղղությամբ վարվող քրեական քաղաքականությունը դարձնել առավել կանխատեսելի, արդարադատության իրականացումը՝ առավել արդյունավետ՝ ինչպես նախաքննական մարմինների և դատարանների կողմից ձեռք բերված ապացույցների ճիշտ գնահատման, այնպես էլ հանցագործություն կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու և այդ կերպ նաև նրանց գործողություններից տուժողների իրավունքների պաշտպանության առումով:
Կարծիքներ