Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 767 մլրդ դրամ հարկային եկամուտ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մասնակցել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Կառավարության ծրագրով 2025-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2020 թվականի 22,6 տոկոսից 2025 թվականի արդյունքներով կկազմի 25 տոկոս՝ հասնելով կառավարության սահմանած թիրախին: 2018 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը միջինում բարելավվում է 0,6 տոկոսով: 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է կրճատել Պետական եկամուտների կոմիտեի ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 26,2 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 29,5 մլրդ դրամի փոխարեն: Ռուստամ Բադասյանի խոսքով հաջորդ տարի կոմիտեն նախատեսում է բարելավել վարչարարության արդյունավետության ցուցանիշը և ավելի քիչ ռեսուրսով ավելի մեծ արդյունք ապահովել:
Զեկույցի ընթացքում ՊԵԿ նախագահը կարևորել է հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցումը և ստվերի կրճատումը: Վարչարարության բարելավման արդյունքում ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է:
ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև 2024 թվականի արդյունքային ցուցանիշներին՝ նշելով, որ 2024 թվականիի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրվել է 1 տրլն 767 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112,7 մլրդ դրամով կամ 6,8 տոկոսով: Իսկ աշխատատեղերի թվաքանակը սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5,9 տոկոսով՝ կազմելով 768 547:
Անդրադարձ է կատարվել նաև հարկային և մաքսային բարեփոխումներին: Մի շարք մաքսային գործընթացներ դյուրինացվել են և տեղափոխվել առցանց հարթակ: Մասնավորապես, առաքանին ոչ անձնական օգտագործման ապրանք դիտարկվելու դեպքում այլևս կարիք չկա այցելելու «Կարգո» բեռնային համալիր. հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։ Բարեփոխումների արդյունքում էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Ռուստամ Բադասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն կա երկու լիազորված տնտեսական օպերատոր, որոնք ներմուծում-արտահանումները իրականացնում են պարզեցված եղանակով՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ:
Միջազգային գործարքներ կատարող հարկ վճարողների համար ներդրվել է նախնական գնագոյացման համաձայնության համակարգը, որը թույլ է տալիս կասկածելի գործարքների դեպքում նախապես իմանալ ՊԵԿ–ի կարծիքը՝ հետագայում խուսափելով անակնկալներից:
2024 թվականի ապրիլից մի քանի աբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց վերադարձվում են ինքնաշխատ, և քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինում դիմել հարկային մարմին: Արդյունքում, ինքնաշխատ եղանակով 23 680 քաղաքացու վերադարձվել է շուրջ 747 մլն դրամ:
ՊԵԿ նախագահը նշել է, որ մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումները շարունակական են լինելու` առավել հարմարավետ համակարգեր ստեղծելու նպատակադրմամբ:
Կարծիքներ