Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ-ում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներին
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժելու, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ՀՀ-ում մեղավոր ճանաչված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։
Այս մասին հայտնել են ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողները հնարավորություն են ստացել ԿԽՄԿ- միջոցով նամակներ փոխանցել ընտանիքներին:
Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, որը հայտնել էր, որ ՀՀ սահմանը հատելիս մենակ չի եղել:
3 օր անց՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզում, հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, փոխանցվել ԱԱԾ-ին:
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հայտնել էր, որ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մոտ գտել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակակետում սպանված 56-ամյա կապանցու հեռախոսը:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն էլ՝ բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. Ադրբեջանի 2 քաղաքացիներին՝ Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ահլիմանի Ախունդովին, մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 4-ի դատավճռով Ագիշի Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով: Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Երկրորդ զինծառայողը՝ Հուսեյն Ախունդովը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինծառայողը, որը համածառայակցի հետ հատել էր պետական սահմանը, պահնորդի սպանությունից հետո հափշտակել էր տուժողի հեռախոսն ու տեսաուղերձ նկարել, հրապարակել սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, թե «եկել են Հայաստան, հայերի արյուն են թափել»:
Կարծիքներ