Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում չունի բանակ․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիային։
Վարչապետը նախ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իրադրության տեսանելի և էական փոփոխություն չկա։
«Բայց ինչպես ասել եմ և հիմա էլ եմ ասում, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողություների մեջ ներքաշելն է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը։
«Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։
Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հանրության ուշադրությունն է հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք, ըստ Փաշինյանի, ուզում են, որ անպայմանորեն Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։
«Դա տեսանելի է և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, որ այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների, էմոցիոնալ և այլ խնդիրներ կան։
Մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր արտաքին և ներքին Հայաստանի պետականությունը դնեն հարցականի տակ»,- եզրափակեց Փաշինյանը։
Կարծիքներ