Ադրբեջանին զսպելու և լռեցնելու մեկ ճանապարհ և երկու ուժ կա. Թաթուլ Հակոբյան
Ադրբեջանին զսպելու, իր սահմաններում պահելու և լռեցնելու մեկ ճանապարհ և երկու ուժ կա՝ Հայկական բանակ և Ռուսաստան:
Համենայն դեպս, դա են ցույց տվել 1991-1994 թվականների պատերազմը, որ ընթանում էր Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանների երկայնքով, ինչպես նաև 2016-ի Քառօրյան, 2020-ի հուլիսյան տեղական մարտերը Տավուշում և սեպտեմբերի 27-ին սկսված և այս պահին շարունակվող ռազմական գործողությունները Արցախ-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:
Առաջնայինը, անկասկած, Հայկական բանակն է:
1991-1994 թվականներին Ադրբեջանը համաձայնում էր բանակցությունները շարունակել, երբ ունենում էր տարածքային կորուստներ: 1992-ի ամռանը, երբ նոր իշխանության եկած Աբուլֆազ Էլչիբեյը ժամանակավոր հաջողության հասավ, և ադրբեջանական զինուժը գրավեց Լեռնային Ղարաբաղի շուրջ 40 տոկոսը, Ադրբեջանը բանակցելու որևէ ցանկություն և մոտիվացիա չուներ: Բայց բավական է, որ հայկական ուժերը դուրս գային Քարվաճառ ու Աղդամ, և Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը ցանկություն էր հայտնում բանակցել, ընդ որում՝ ուղիղ բանակցել Արցախի իշխանությունների հետ:
1994-ի մայիսյան անժամկետ զինադադարը հնարավոր եղավ առաջին հերթին Ռուսաստանի միջնորդության, միջամտության և կողմերին սեղանի շուրջ նստեցնելու ու հրադարդար պարտադրելու շնորհիվ: Անշուշտ, կար նաև կողմերի հոգնածությունը. Արցախյան պատերազմը շարունակվեց մոտ 1000 օր: Այդ օրերին միջինը հայկական կողմը տալիս էր 6 զոհ, Ադրբեջանը՝ ավելի քան կրկնակի:
2016-ի ապրիլին Ադրբեջանը քառօրյա մարտերից հետո համաձայնեց Մոսկվայի միջնորդությամբ վերադառնալ հրադադարի ռեժիմին, երբ զգաց, որ անզոր է լուծել իր մտադրությունը ռազմական ճանապարհով: Ռուսական միջնորդությունը երես փրկելու՝ face-saving-ի հարմար առիթ էր Ադրբեջանի համար:
Տավուշում հուլիսյան սրացման օրերին Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն ձգձգում էր, փորձելով հայկական կողմին զրկել այն փոքր դիրքային առավելությունից, որ Հայաստանը ունեցավ Սևաքարի հատվածում: Ի վերջո, զգալով, որ անհնար է դա, Բաքուն համաձայնեց ռուսական միջնորդությանը:
Հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանը պարտված էր նաև հոգեբանորեն: Ակնհայտ էր, որ Բաքուն փորձելու է վրեժխնդիր լինել և ինչ-որ կերպ հաղթահարել ստորացումը:
Այս օրերին Ադրբեջանը շարունակելու է ռազմական գործողությունները, քանի դեռ հույս ունի մի քանի դիրք, մի կտոր հող գրավել: Ալիևը ներքաղաքական դժվար իրավիճակում է, և անգամ փոքր հաջողությունը նա կփորձի վաճառել իր ժողովրդին, ինչպես դա անում էր 2016-ի ապրիլից մինչև 2020-ի հուլիս: Այն պահին, երբ Բաքվում կգիտակցեն, որ այս անգամ էլ հաջողության չեն հասնելու, լավագույն դեպքում՝ կունենան 2016-ի պյուռոսյան հաղթանակի պես մի բան, ստիպված կլինեն վերադառնալ զինադադարի ռեժիմին: Բայց դրա համար նախ և առաջ Ադրբեջանը կարիք ունի շշմեցնող հարված ստանալ:
Շփման գծի երկայնքով ընթացող պատերազմի մասին մենք չունենք ամբողջական պատկեր: Հստակ է, որ առաջին երկու օրերին Ադրբեջանը կրկին չի կարողացել հասնել այն նպատակին, որ իր առաջ դրել էր, այս անգամ Թուրքիայի առավել բացահայտ և անմիջական ռազմական և տեղեկատվական օգնությամբ:
Ուր որ է կլինի ռուսական միջնորդությունը և միջամտությունը: Հայաստանը հավանաբար կգնա հրադադարի ռեժիմի վերադարձին, և նախընտրելի է, որ դա տեղի ունենա առանց ստատուս-քվոյի փոփոխության:
Մեր զինվորների կյանքը վեր է ու թանկ ամեն ինչից:
Բանակցություններն ու վերադարձը դիվանագիտությանը այլընտրանք չունեն: Այլընտրանքը այս պահին շարունակվող պատերազմն է:
Թաթուլ Հակոբյան
Կարծիքներ