Ստեփանակերտը ողջունում է ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված Հայաստանի պահանջն ու ակնկալում կառույցի պատշաճ արձագանքը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու՝ Հայաստանի Հանրապետության պահանջը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․
«Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով:
Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահը դիմել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ կոչ անելով անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ ներգրավվածությունը և համապատասխան հրատապ որոշումների ընդունումը համարում ենք կարևորագույն գործոն, որը կարող է վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումներին և դադարեցնել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ու համակարգված ձևով իրականացվող ակնհայտ ցեղասպան քաղաքականությունը:
Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումն ապահովելու հիմնական պատասխանատվությունը, պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին և կայացնել որոշում Լաչինի միջանցքի ամբողջական, անհետաձգելի և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ, հրատապ և արդյունավետ միջոցների իրականացման մասին»։
Հայաստանի Հանրապետությունն օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
Կարծիքներ