Առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը. Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը. Արարատ Միրզոյանի հայտարարությունը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարությամբ է հանդես եկել:

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Հարգարժա՛ն տիկին նախարար,

Սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մելանի,

Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Սա Կանադայի արտաքին գործերի նախարարի` երբևէ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցն է։ Այն վկայությունն է մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, դրանց ընդլայնման հարցում և ապագայում առավել մեծ ձեռքբերումներ գրանցելու փոխադարձ պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Կանադայի աջակցության։

Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնակա՛ն ներդրումը երկկողմ հարաբերությունների առավել խորացման գործում, ինչի արդյունքում այսօր ականատեսն ենք լինում Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացմանը: Այս որոշումը կայացվեց՝ հիմք ընդունելով Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել նաև զեկույցում ներկայացված մյուս բոլոր առաջարկությունները՝ որպես յուրահատուկ ճանապարհային քարտեզ:

Հարգելի՛ գործընկերներ,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։

Առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մենք դիտարկում ենք Կանադայի առավել ակտիվ ներգրավվածության հնարավորությունները: Պետք է նշեմ նաև միջխորհրդարանական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության մասին, որոնք մշտապես կարևոր տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում:

Մեր երկրների, երկու ժողովուրդների միջև կապերի զարգացման գործում իր դերն ունի նաև Կանադայի հայ համայնքը։

Թե´ երկկողմ հարաբերությունների խորացման, թե´ տարածաշրջանային կայունության ամրապնդման համատեքստում մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը միանալու, նրա մաս կազմելու՝ Կանադայի նախաձեռնությունը:

Այս վերջինը կցանկանայի հատուկ առանձնացնել, քանզի մեր տարածաշրջանը հիրավի կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի, որոնք միտված կլինեն միջազգային գործընկերների կողմից իրավիճակի օբյեկտիվ գնահատականի, մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության ապահովմանը և նոր արհավիրքների կանխմանը։

Տիկի՛ն նախարար,

Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ։

Ցավալիորեն, մեր միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, և արդյունքում Ադրբեջանն իր շարունակական գործողություններով իրականացրեց ԼՂ ամբողջական էթնիկ զտումը։ Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելության մթնոլորտի հաղթահարմանը և իր հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Կանադայի կառավարությանն այս դժվարին պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար:

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ անգամ չէ, որ այս ամբիոնից վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղել խաղաղության օրակարգը՝ սատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների ջանքերին։ Այդ մասին այսօր խոսել ենք նաև նախարար Ժոլիի հետ։

Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների կողմից, ինչպես նաև լիակատար, գործնական աջակցություն կունենա մեր միջազգային գործընկերների կողմից։

Այդ կերպ մենք հնարավորություն ենք տեսնում կարգավորել առկա խնդիրներն այն սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումը գտան Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Այդ նպատակով առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ բառացելով առավելապաշտական նկրտումները, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհդային միության Գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա։

Մենք շահագրգիռ ենք նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների՝ մի իրական «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելով Հայաստանի Հանրապետության տարածքում։

Տիկի՛ն նախարար,

Մենք քննարկել ենք նաև այլ հարցեր, բայց այսքանով եզրափակեմ խոսքս, դեռ հնարավորություն էլ կունենանք պատասխանել լրագրողների հարցերին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում