Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը երկրի նոր պաշտպանության նախարարի օրոք. Օսթին

Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը երկրի նոր պաշտպանության նախարարի օրոք. Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնից ազատված Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը, և հույս է հայտնել համագործակցելու երկրի պաշտպանության նախարարության նոր ղեկավարի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի ծառայությունը։ 

«Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը մնում է անսասան, ինչպես և մեր աջակցությունը Իրանի և նրա գործընկերների ու պրոքսիների ագրեսիայից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Օսթինը նաև հայտնել է ԱՄՆ-ի դիրքերը Մերձավոր Արևելքում ամրապնդելու մասին՝ «ամերիկյան անձնակազմին, ինչպես նաև դաշնակիցներին ու գործընկերներին պաշտպանելու համար»:

Օսթինը Գալանտին անվանել է վստահելի գործընկեր՝ նշելով, որ նրա «փորձը, պրոֆեսիոնալիզմը և առողջ դատողությունը անվտանգության հրատապ խնդիրների լուծման գործում» բարձր են գնահատվել Վաշինգտոնում:

Գալանտը, որն Իսրայելի պաշտպանության նախարարն էր 2022 թ. դեկտեմբերի վերջից, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից պաշտոնանկ է արվել նոյեմբերի 5-ին։ Նեթանյահուն պաշտպանության նոր նախարար է նշանակել արտգործնախարար Իսրայել Կացին, որի պաշտոնն առաջարկվել է առանց պորտֆելի նախարար Գիդեոն Սաարին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում