ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը թե նախորդ, և թե այս նստաշրջանում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:
« Ինչպես հայտնի է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը օրենսդրական տեսակետից կանոնակարգում և պառլամենտական վերահսկողություն է իրականացնում այն մարմինների գործունեության նկատմամբ, որոնք կազմում են ազգային անվտանգության ապահովման այսպես կոչված ուժային բլոկը` բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նոր իրականությունը, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, մեզանից պահանջում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, վերաիմաստավորել անցած երեք տարվա ժամանակահատվածում նախանշված և արդեն իսկ իրականացվող ռեֆորմները, շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի վրա»,- ասաց քոչարյանը:
Պատգամավորը համոզված է, որ Ազգային անվտանգության հարցերը պետք է դիտարկվեն որպես ժողովրդավար և զարգացած երկրի գործառույթ: Քոչարյանը նաև ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը նախորդ երեք տարիների ընթացքում:
Կարծիքներ