ՄԻՊ-ն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար և ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից աշխատակազմից:
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող Նատիա Նացվիլիշվիլին և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը՝ առանձին դեպքերով ներկայացնելով միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի առերեևույթ խախտումները:
Պաշտպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը միտված՝ առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում՝ Կոռնիձորում, ապա նաև Գորիսում և Վայքում, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին։
Պաշտպանը նաև ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայիում տարածվող հրապարակումների մշտադիտարկումների արդյունքները, արձանագրելով որ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ են առկա։ Պաշտպանն այս համատեքստում արձանագրել է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար և իրավական խնդիրների հասցեագրման վերաբերյալ՝ վերահաստատելով մարդու իրավունքների՝ բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում գերակա լինելու կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։
Կարծիքներ