Լիբանանի նախագահը դեմ է արտահայտվել Բեյրութի պայթյունի միջազգային ուսումնասիրությանը
Լիբանանի նախագահ Միշել Այունը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի միջազգային ուսումնասիրությունը բնորոշել է որպես ժամանակի կորուստ: Այս մասին գրում է Al-hadath հեռուստաալիքը:
«Նավահանգիստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ միջազգային հետաքննության պահանջը ուղղված է ճշմարտությունը բաց թողնելուն, քանի որ դատավճիռը իմաստ չի ունենա, եթե դրա կայացումը երկար ժամանակ տևի»,-ասել է Լիբանանի նախագահը:
Նրա խոսքերով` ողբերգության հանգամանքները ուսումնասիրելիս անհրաժեշտ է, որ դատավարությունը լինի արագ, բայց առանց շտապելու, որպեսզի ճշտվեն դեպքի իրական մեղավորները:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, վիրավորները 6 000-ից ավելի են։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
Կարծիքներ