Ֆրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը և վերահաստատել իր աջակցությունը ուղիղ շփումների շարունակմանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, հայտնել են. «Ֆրանսիան ողջունում է այս հանդիպումը, քանի որ մենք վճռական ենք՝ խթանելու Հարավային Կովկասում տևական խաղաղությունը: Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակմանը, որպեսզի այդ երկրները բարենպաստ միջավայր ստեղծեն հարաբերությունների կարգավորման համար»:
Հուլիսի 16-ին Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել էին նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել էր հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։Նա շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։ Արձանագրվել էր շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:
Կարծիքներ