Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Ամերիկյան գործարար, գյուտարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել էր ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Bloomberg»-ի՝ իրական ժամանակի ռեժիմով թարմացվող միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը:

Մասկի հարստության աճին նպաստել է այն, որ Tesla ընկերության բաժնետոմսերի գինը գրեթե 70 %-ով աճել է: Դրա պատճառներից մեկն այն է, որ ընկերության էլեկտրական մեքենաների մի քանի մոդելների պահանջարկը մեծապես ավելացել է որոշակի գնիջեցումներից հետո:

51-ամյա Իլոն Մասկը, որն արդեն մի քանի ամիս է՝ նաև Twitter-ի սեփականատերն է, 2023 թ.-ի սկզբին ուներ 137 միլիարդ դոլար կարողություն: Այժմ նրա կարողությունը կազմում է 187 միլիարդ դոլար:

Իսկ Բեռնար Առնոն, որին Մասկը զիջում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում, ունի 185 միլիարդ դոլարի կարողություն:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը (117 մլրդ), իսկ չորրորդ տեղում է ամերիկացի գործարար, Microsoft ընկերության նախագահ Բիլ Գեյթսը (114 մլրդ):

Աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է ամերիկացի ամենահաջողակ ներդրող, Berkshire Hathaway ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը (106 մլրդ):  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում