Միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. Միրզոյան
Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեսնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում զգալիորեն բարդացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, բայց ինձ ազդակներ են հասնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և բազմաթիվ այլ երկրների առաջնորդներից, ու ցանկանում եմ հաստատել, որ չնայած Ադրբեջանի գործընկերները հայտարարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք այլևս անելիք չունեն, որովհետև չկա այլևս հակամարտություն, չկա Լեռնային Ղարաբաղ անունով շրջան, միջազգային հանրությունը շարունակում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, ինչը շատ հուսադրող է»,- ընդգծել է Միրզոյանը:
Կարծիքներ