Իսրայելի վարչապետը հայտարարել է հերթական լիարժեք կարանտին սահմանելու անհրաժեշտության մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է երկրում կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ հոսպիտալացման դեպքերի աճի պատճառով հերթական լիարժեք կարանտին սահմանելու անհրաժեշտության մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հիվանդանոցները մեզ զգուշացնում են, որ սկսվում է պանդեմիայի սկզբից ամենավտանգավոր ալիքը: Առողջապահության նախարարությունն ու փորձագետները մեզ զգուշացնում են, որ մենք արտակարգ իրավիճակում ենք գտնվում, եւ եթե մենք անհապաղ չգործենք, ապա կկորցնենք շատ հարյուրավոր իսրայելցիների…»,-ասել է Նեթանյահուն նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Իսրայելը պետք է կոշտ եւ անհապաղ կարանտին սահմանի եւ շարունակի պատվաստումները:
Կարանտինը կսկսվի հինգշաբթի օրվանից եւ կտեւի երկու շաբաթ:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ պանդեմիայի սկզբից Իսրայելում գրանցվել է վարակման 448 173 եւ մահվան 3445 դեպք:
Կարծիքներ