ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշեց Կոպիրկինը:
Կարծիքներ