Լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ Լոռու մարզում. բյուջեն՝ մի քանի միլիարդ դրամ
Լոռու մարզում պետական միջոցներով իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներն ընթացքի մեջ են: Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնական հատվածն իսկական գլխացավանք էր վարորդների համար: Թեպետ փոսերը քիչ էին ճանապարհին, սակայն այս դեպքում էլ ճանապարհի վրա ճանապարհային ծածկի՝ ասֆալտ-բետոնե շերտից առաջացած ալիքներն էին խնդիր դարձել: Այս ճանապարհահատվածի 2.5 կմ հատվածում շինարարական եռուզեռ է: Աշխատանքներն իրականացնում է «A A B» ընկերությունը, վերջնաժամկետը դեկտեմբեր ամիսն է, արժեքը՝ 371,9 մլն դրամ:
ՀԺ-ի հետ զրույցում նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանն ասաց, որ թեպետ աշխատանքների վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, սակայն հիմնանորոգված ճանապարհը շահագործման կհանձնվի ավելի շուտ:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ ընթացքի մեջ է Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 10 կմ հիմնանորոգման աշխատանքները՝ 1 մլրդ 7 մլն դրամ արժեքով, Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ ճանապարհը՝ 1 մլրդ 135 մլն դրամ արժեքով: Շարունակվում են նաեւ 2019-2020թթ.-ի ծրագրով Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահմանի 112,9-116,9 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, որը Սպիտակ քաղաքի կենտրոնական ողջ ճանապարհահատվածն է՝ 4 կմ երկարությամբ՝ 505 մլն դրամ արժեքով, ինչպես նաեւ Սպիտակ-Գյումրի Մ-7 ավտոճանապարհի 8 կմ երկարությամբ հատվածը, որից 2019-ին հիմնանորոգվել էր 4 կմ հատվածը, մյուս 4 կմ հատվածն էլ կհիմնանորոգվի այս տարի: Վերջինիս ընդհանուր գումարը շուրջ 136 մլն դրամ է:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է՝ թեպետ ճանապարհաշինական ընկերությունների առումով որոշակի խնդիրներ կան, մասնավորապես՝ նրանց՝ ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված, սակայն բոլորը հստակ տեղեկացված են՝ աշխատանքներն արվելու են բարձր որակով:
Կարծիքներ