Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար

Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ հաջողություններ է արձանագրել Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նա նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն վերջին չորս տարում ավելացել է 100 անգամ։

«Եթե 2020 թվականի ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն X գումար է եղել, ապա վերջին չորս տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այսպիսով, կարող եք պատկերացնել, թե ինչ ծավալի է հասել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը»,- ընդգծեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հայտնեց, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ռազմատեխնիկական կարիքները 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։

«Հուսով ենք, որ այս նպատակին հնարավորինս շուտ կհասնենք։ Իմ նշած թիվը իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու են  մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու համար Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմանը»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում