Մարուքյանն առաջարկ ներկայացրեց արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող նախկին իշխանականներին

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ եթե սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանության մյուս ներկայացուցիչները հետ քաշվեն, գործող իշխանությունը չի հավաքի բավարար ձայներ՝ կրկին իշխանության գալու համար: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանը՝ խմբակցության անունից իր ելույթում:
«Թե կառավարության ներկայացուցիչների, թե իշխանական պատգամավորների ելույթները հետևյալի մասին էին՝ 30 տարի երկիրը թալանել են, 30 տարի վատ է եղել, դրա համար այսպես եղավ, մենք մեղավոր չենք: 30 տարվա մեջ 3 տարի դուք եք իշխանություն, նշանակում է, որ 30 տարվա 10 տոկոսը դուք էիք»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց իշխանության սխալների, թերացումների մասին ու հավելեց. «Նրանք (նախկին իշխանությունը-խմբ.) մեղավոր էին, դրա համար եք այստեղ, նրանք մեղավոր էին, դրա համար եղել է հեղափոխություն: Հիմա ինչքա՞ն պետք է խոսեք, ասեք, որ նրանք մեղավոր էին: Բա դու՞ք, բա ձեր 10 տոկոսը»:
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ հնարավորությունը արտահերթ ընտրությունների ճանապարհով ներքաղաքական խնդիրը լուծելն է: Ըստ Մարուքյանի՝ գործող իշխանության էլեկտորատը բաղկացած է 2 սեգմենտից: «Մի սեգմենտն այս իշխանության ջատագովն է, դա մոտ 10-15 տոկոս է: Մնացած մասը՝ 15 տոկոս է, թե 20 տոկոս, նախկին իշխանության «անտիձայներն» են, որ գալիս են Նիկոլ Փաշինյանին, որ նրանք (նախկին իշխանությունները-խմբ.) չգան: Ես պաշտոնական առաջարկ եմ անում՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, մինչև նախկին իշխանության մյուս ներկայացուցիչներին, մի կողմ քաշվեք, և մենք այս մադկանց կդարձնենք փոքր ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ քաշվեք, մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով»,-ասաց Մարուքյանը:
Նա շեշտեց՝ իրենք թույլ չեն տալու, որ ստեղծված իրավիճակը շարունակվի և կրկնեց իր առաջարկը՝ ուղղված բոլոր այն ուժերին, որոնք պատրաստվում են սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա շեշտեց, որ իրենք իրենց անելիքը կանեն, ու ներկայիս իշխանությունն այլևս իշխանություն չի լինի:
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:
Կարծիքներ