ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է. Արտակ Դավթյան

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է. Արտակ Դավթյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է: Այս մասին ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Որևէ խնդիր չկա: Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է: Շատ լավ աշխատում եմ բոլորի հետ և կատարում ենք խնդիրներ, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»,-հավելեց Դավթյանը:

Անդրադառնալով վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության վիճարկման հայցադիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, դատարանի որոշումը մեկնաբանելը  իրավաբանների գործն է, որոնք «յուրաքանչյուր տեսակետից մեկնաբանում են այդ որոշումը»:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Վարչապետը, հայտարարությունը որակելով ռազմական հեղաշրջման փորձ, նախագահին էր ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից Գասպարյանին ազատելու միջնորդություն: Նախագահի կողմից հրամանագրի նախագիծը չէր ստորագրվել, և մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա ազատվել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որից հետո Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում