Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
Ֆրանսիային պետք է ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնը։
Նա նախ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտություն է համընդհանուր ազնիվ գիտակցության կառուցման համար։
«Աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա միակ գրավականն է, որ աշխարհը միասնաբար կգա մի գիտակցության, որ արգելվում է ցանկացած ցեղասպանական գործողություն։ Այն փաստը, որ դա չի արվել մինչ այսօր, թույլ է տրվել, որ Գազայում տեղի ունենան նույնատիպ ցեղասպանական գործողություններ։
20-րդ դարում բոլոր պատերազմները դադարել են ուղղակի զինվորականների միջև պատերազմներ լինելուց։ 20-րդ դարում բոլոր պատերազմները վերածվել են ազգասպան պատերազմների»,- ասաց Մելանշոնը։
Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառվի, որպեսզի կասեցվի նրա ծավալապաշտական նկրտումները։
«Երբ տեսնում եմ, որ եվրոպական իշխանությունները, որոնք, որպես կանոն, պետք է ի վիճակի լինեն ամեն ջանք գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների քաղաքակիրթ ճանաչմանը հասնելու համար, ոչինչ չեն անում և նույնիսկ պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ, ինչը երաշխավորում է Ադրբեջանի անպատժելիությունը։ Դա չպետք է անել։
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ։ Եթե մեկ անգամ Ադրբեջանը պատժվի, դա այլևս չի կրկնվի, ուրեմն պետք է կիրառվեն պատժամիջոցներ ամբողջական ձևով»,- եզրափակեց ֆրանսիացի պատգամավորը։
Կարծիքներ