Ժողովրդից ստացել ենք ավելի վճռական և առավել մտածված բարեփոխումներ իրականացնելու մանդատ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդից ստացել ենք ավելի վճռական և առավել մտածված բարեփոխումներ իրականացնելու մանդատ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Երևանում նոր պարեկային ծառայության ներդրմանը։

«Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում: Մասնավորապես, Երևանի կյանքում իր գործունեությունն է սկսել Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է։ Ընդ որում, բառիս թե բովանդակային իմաստով, թե մարդկային միջոցի առումով։ Ծառայություն են իրականացնում շուրջ 700 պարեկային ոստիկաններ, և ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից։ Նաև 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, ովքեր իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի ոստիկանություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Երևանում ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 7-ից դադարեցրել է իր գործունեությունը. այժմ կա միայն ճանապարհային ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, և նա քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով չի հաղորդակցվելու։

«Պարեկային ոստիկանությունն իրականացնում է և ճանապարհային ոստիկանության գործառույթները, և պարեկապահակային ծառայության գործառույթները, նաև հանցագործությունների կանխման, բացահայտման գործում, հասարակական կարգի պահպանման առումով ունի որոշակի գործառույթներ։ Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական և առավել մտածված բարեփոխումներ իրականացնելու, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի։ Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պետք է անպայման շարունակվի առաջիկայում։ Մենք պետք է իրականացնենք Շիրակի և Լոռվա մարզի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ։ Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ այս ծրագիրն իրականացրել ենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ, Եվրամիության, Համաշխարհային բանկի գործընկերներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում