Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է համավարակ

Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է համավարակ

Առողջապահության համաշխարհային ցանցը (WHN) կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է համավարակ։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։

Կազմակերպության տվյալներով՝ մինչ օրս 58 երկրում գրանցվել է կապիկի ծաղիկի 3417 հաստատված դեպք։ Այն արագորեն տարածվում է մի քանի մայրցամաքներում։

Կազմակերպությունը երկրներին և համաշխարհային առողջապահական մարմիններին կոչ է արել անհապաղ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել:

«Բռնկումը չի դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Նույնիսկ մահացության շատ ավելի ցածր մակարդակի դեպքում, քան ծաղիկի, եթե միջոցներ չձեռնարկվեն շարունակական տարածումը կասեցնելու համար, միլիոնավոր մարդիկ կմահանան, իսկ շատերը կկուրանան և ձեռք կբերեն հաշմանդամություն»,- ասվում է ուղերձում:

Ընդգծվում է, որ եթե նախապես միջոցներ ձեռնարկվեն, ապա հնարավոր կլինի նվազագույն ջանքերով վերահսկել բռնկումը և կանխել իրավիճակի վատթարացումը։ WHN-ը խորհուրդ է տալիս սկսել հանրությանը իրազեկել ախտանիշների մասին, ընդլայնել թեստավորման հասանելիությունը։

Առողջապահական ցանցը նշել է, որ մինչ այժմ դեպքերի մեծ մասը եղել են մեծահասակների մոտ, սակայն երեխաների շրջանում հիվանդության ցանկացած տարածում կհանգեցնի շատ ավելի ծանր դեպքերի և ավելի շատ մահերի։

Նշենք, որ մինչ օրս Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, կապիկի ծաղիկ վարակ չի արձանագրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում