Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Սերբիայի հետ: Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը ներառում է բազմազան և ընդգրկուն մի շարք ոլորտներ, հետևաբար գերատեսչության գործունեությունն առնչվում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անձի և ընտանիքի: Վահրամ Դումանյանը կարևորել է, որ երկու կողմերի մոտ առկա է պատրաստակամություն՝ ընդլայնելու համագործակցությունը, և առաջարկել է դիտարկել Սերբիայի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Նա շեշտել է, որ հայագիտական կենտրոններ են գործում մի շարք պետություններում: Դեսպանը ողջունել է այդ առաջարկը և նույնպես կարևորել նմանօրինակ նախաձեռնության իրագործման հնարավորությունը:
Տատյանա Պանայոտովիչն իր հերթին հավաստիացրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Դեսպանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Սերբիան ունի բավականին մեծ փորձ, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցությամբ այդ երկրի միջնադարյան հուշարձանները տարբեր հարձակումներից պաշտպանելու տեսանկյունից:
Տատյանա Պանայոտովիչն առաջարկել է համագործակցել նաև թարգմանչական, հրատարակչության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Ուջան գյուղում անցկացվող «Ծիրանի ծառ» ֆիլմերի փառատոնի ընթացքում այս տարի կայանալու է սերբական ֆիլմերի ցուցադրության օր:
Դեսպանը նաև գոհունակությամբ փաստել է, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախատեսվում է բացել սերբերենի ուսումնասիրության ամբիոն: Նրա խոսքով՝ «Աշխարհը Սերբիայում» ծրագրի շրջանակում երկու հայ ուսանողներ կարող են կրթություն ստանալ Սերբիայի բուհերում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման, համատեղ այլ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:
Կարծիքներ