Հայկական պատվիրակությունը Չեխիայում ներկայացրել է Հայաստանում ու ՀՀ սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները

Հայկական պատվիրակությունը Չեխիայում ներկայացրել է Հայաստանում ու ՀՀ սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները

2022թ․ հունիսի 7-9-ը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից:

Այցի շրջանակներում Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանին և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանին, որոնց ուղեկցում էր Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ընդունեցին Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան և Պատգամավորների պալատի փոխնախագահ Օլգա Ռիխտերովան, ապա հայկական պատվիրակությանը հյուրընկալեցին Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան և խմբի անդամները։

Հայկական պատվիրակությունը նաև հանդիպումներ ունեցավ Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ժենիշեկի, Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի, Սենատի ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ Յիրժի Չունեկի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգը։ Հայկական պատվիրակությունն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանում ու նրա սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները և հայ ժողովրդի առջև ծառացած մարդասիրական մարտահրավերները, վերահաստատել ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերին և ԵՄ-ում Չեխիայի առաջիկա նախագահության առաջնայնություններին։ Շրջակա միջավայրի կոմիտեի հետ հանդիպման ընթացքում հիմնական թեմաներն են եղել հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական և մոնիտորինգային մարտահրավերները, ինչպես նաև ջրի և կեղտաջրերի կառավարման ոլորտները, որոնց շուրջ ձեռք բերվեց միջխորհրդարանական համագործակցությունը շարունակելու մասին պայմանավորվածություն։

Հայկական պատվիրակությունն այցելել է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն, որտեղ կենտրոնի գործադիր տնօրեն Ռոստիսլավ Վալվոդայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի բարեփոխումների օրակարգում քաղաքացիական հասարակության դերակատարությանն առնչվող հարցեր։

Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, նվիրված Հայ-չեխական և Չեխ-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպմանը և ՀՀ պետական պարգևների հանձնման արարողությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում