ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում լիարժեք թափանցիկ ենք, առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով. Փաշինյան

ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում լիարժեք թափանցիկ ենք, առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով. Փաշինյան

Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կամուրջներ կառուցելու Արևմուտքի հետ։ Առաջին անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ուժգնացման ֆոնին, առաջին տիկինն այցելել է Կիև:

Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ից իր ներկայացուցչին, հրավիրվել են ամերիկյան զինծառայողների՝ հայկական զինված ուժերի հետ խաղաղապահ զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Արդյոք սրանք Ռուսաստանից հեռանալու քայլեր են։ Սա ինչ-որ իմաստով «երևանյան գարու՞ն» է:

Հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղել է «Politico Europe»-ը, ինչին ի պատասխան, Փաշինյանն ասել է.

«Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին: Ամառը, իմիջիայլոց, Երևանում սովորականից ավելի շուտ է գալիս: Եվ ամեն տարի մեր երկում լինում է գարուն, ամառ, աշուն, ձմեռ, ինչպես և մեր կլիմայական գոտում գտնվող շատ երկրներում:

Դուք ասացիք, որ մենք կամուրջներ ենք կառուցում արևմուտքի հետ, մենք կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն չունենք, որովհետև այդ կամուրջները միշտ էլ տեղում են եղել, սկսած նրանից, որ Միացյալ նահանգների հետ, իմիջիայլոց, մենք շատ վաղուց սկսել ենք ռազմավարական երկխոսություն, և նախկինում էլ զորավարժություններ են եղել:

Ուկրաինայի հետ կապված այն, ինչ տեղի է ունեցել, դա հումանիտար քայլ է և լրացուցիչ քաղաքականացնելու անհրաժեշտություն չեմ կարծում թե կա, որովհետև եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ պահի մենք անտարբեր ենք եղել որևէ մարդկային ողբերգության նկատմամբ և քաղաքական հաշվարկներ ենք կիրառում մարդկային ողբերգությանն ապրումակցելու առումով՝ դա ճիշտ մոտեցում չէ:

Մենք միշտ էլ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք արձագանքել: Տվյալ դեպքում առիթ հանդիսացավ Ուկրաինայի առաջին տիկնոջ կազմակերպած միջոցառումը, որը տեղավորվում է առաջին տիկնանց և ջենտլմենների միջազգային գործընկերության տրամաբանության մեջ: Իմ կինը բավական ակտիվ շուտվանից ներգրավված է այդ գործընթացներում: Սա պարզապես այդ աշխատանքային օրակարգի մի մասն է:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեր հարաբերությունների հետ կապված այդտեղ մենք լիարժեք թափանցիկ ենք: Ի՞նչ խնդիրներ կան այդտեղ, ի՞նչ հարցեր. մենք դրա մասին խոսել ենք և շարունակելու ենք խոսել և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարդակներում: Այդ խոսակցությունը բխում է, իհարկե, Հայաստանի պետական շահերից, և մենք առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով: Ընդհանրապես, ես չեմ ուզում և չի կարող լինել այդպես՝ Հայաստանը որևէ կարգի պրոքսիի դերում դիտարկել: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, շատ լուրջ անվտանգային խնդիր ունեցող երկիր է, բայց անվտանգային խնդիրների հասցեագրումը մենք տեսնում ենք ինքնիշխանության, անկախության ամրապնդմամբ: Եվ մենք ինչպես նախկինում, այսօր, վաղն ամեն ինչ անելու ենք մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր անվտանգությունն ապահովելու համար:

Բայց հայեցակարգային առումով, ես ուզում եմ մի հետևյալ միտք կիսել Ձեզ հետ, Ձեր լսարանի հետ՝ ընդհանուր առմամբ, իհարկե, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են և որոշիչ: Եվ կրկնում՝ մենք երբեք չենք մերժել ու չենք մերժելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ մեր պետական շահերի հաշվառմամբ հարաբերություններ հաստատելու օրակարգը, բայց մյուս կողմից, ես և մեր քաղաքական թիմը, կամ մեր քաղաքական թիմը և ես, այս առումով ներդաշնակություն ունենք, և կարծում եմ՝ նաև մեր հանրություն ավելի ու ավելի արձանագրում է հետևյալը. եթե մենք ուզում ենք տևական, հավիտենական պետականություն ունենալ՝ մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար:

Այն մոդելը, որ մենք պրոբլեմներ կունենանք մեր հարևանների հետ և այդ պրոբլեմների մեջ մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին, էական չէ՝ որ ուրիշներին, դա խոցելի մոդել է այն առումով, որովհետև այդ ուրիշները որևէ պահի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, շատ դեպքերում չուզենալով, շատ դեպքերում իրենք իրենց խնդիրները լուծելու համար կարող են ուղղակի այստեղ չլինել, կամ նույնիսկ ցանկանալու դեպքում չկարողանալ օգնության հասնել: Հետևաբար, մեր ռազմավարությունն է՝ փորձել ահա այս իրավիճակը, կամ արտաքին օգնությունների անհրաժեշտությունից կախված լինելու մակարդակը հնարավորինս նվազեցնել:

Բայց սա տեսություն է, որն առավել ևս մեր տարածաշրջանում իրականացնելը չափազանց բարդ է, չափազանց, որովհետև մենք ունենք խորը սոցիալ-հոգեբանական, պատմական, աշխարհաքաղաքական խնդիրներ մեր միջավայրում, այս տարածաշրջանում: Իմիջիայլոց, մեր տարածաշրջանը շատ բարդ, ամենաբարդ տարածաշրջաններից մեկն է, բայց այս առումով այն, ինչ տեղի է ունենում, և այն, ինչ մենք անում ենք՝ իրականում աշխատանք է ուղղված պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ուժեղացնելուն:

Եվ այս եռյակին ուզում եմ ավելացնել նաև ժողովրդավարությունն ուժեղացնելու, և անվտանգությունն ուժեղացնելու մեր օրակարգը: Սրանք փոխկապակցված են, բայց որի կուլմինացիան ի վերջո, մեր ընկալմամբ, պետք է լինի քաղաքացիների ազատությունը և երջանկությունը: Սա է այն օրակարգը, որը մեզ այսօր առաջնորդում է անել քայլեր, որոնք հեշտ չեն, որոնք հեշտ ընկալելի չեն, և որոնք մեծ հաշվով քննադատվում են: Մենք վճռական ենք այս օրակարգը մեր քաղաքացիների հետ կիսելու, որպեսզի նրանք հասկանան մեր գործողությունների բոլոր մոտիվացիաները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում