Հայաստանում է ԵՄ տեխնիկական գնահատման խումբը՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հարցը

Հայաստանում է ԵՄ տեխնիկական գնահատման խումբը՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հարցը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նրանք քննարկել են դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքները: Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։

Եվրամիության 40 հոգանոց անզեն առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ հոկտեմբերին սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն աշխատելու է երեք ամիս։ Դրա նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։

Ավելի վաղ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ միությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար: Նա ընդգծել էր՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում