Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները անհիմն են. Զախարովան՝ Հակարիի կամրջին տեղի ունեցած միջադեպի մասին

Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները անհիմն են. Զախարովան՝ Հակարիի կամրջին տեղի ունեցած միջադեպի մասին

«Հունիսի 15-ի միջադեպը Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի մոտ, տեղի է ունեցել այն պատճառով, որ բացակայում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը»:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում հանձնված բողոքի նոտան:

«Մենք մշտապես կոչ ենք արել և պատրաստ ենք օգնել սահմանազատման աշխատանքներին նաև այդ հատվածում, որը դարձել է հերթական կռվախնձորը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Իսկ ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները անհիմն են, և մենք կոչ ենք անում ՌԴ խաղաղապահներին ուղղված հռետորաբանության տոնայնությունը մամուլում իջեցնել, նրանց նկատմամբ բոլոր մեղադրանքները մերկապարանոց են: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ իրավիճակի կայունացման նպատակով և կատարում իրենց գործառույթներն իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ օրերս ադրբեջանցիները ռուսների օգնությամբ իրենց դրոշը տեղադրել էին Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողներն իրենց զրահափոխադրիչներով պատնեշ էին դրել, ինչից հետո ադրբեջանական կողմը դրոշ էր տեղադրել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է:

Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան Հայաստանի խիստ դժգոհությունն էր ներկայացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում