Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը. Փաշինյանը՝ Կանադայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի Ջասթին,
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը և հաստատակամ է դրանք առավելագույնս խորացնելու գործում: Մեծապես գնահատելի են Ձեր և Կանադայի կառավարության ջանքերն աջակցելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության կայացմանը, որի ամենավառ դրսևորումներից էր Եվրոպայում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի այցը Երևան։ Դրա արդյունքում հրապարակված համապարփակ զեկույցում տեղ գտած առաջարկությունները կարող են ծառայել որպես մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման ճանապարհային քարտեզ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս տոնի առթիվ` հայտնում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը` հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների խաղաղության, բարօրության և բարեկամության:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
Կարծիքներ