Ճիշտ ժամանակն է աշխատել խաղաղության համաձայնագրի նախագծի վրա. Ալիև
«Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո այժմ ճիշտ ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները միասին նստեն և աշխատեն խաղաղ համաձայնագրի նախագծի վրա»։
Այս մասին Զանգիլանում ընթացող Ադրբեջանի քաղաքաշինության ազգային 2-րդ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շարունակելով.
«Կարծում եմ, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, ավելի հեշտ կլինի լուծում գտնել և որքան հնարավոր է շուտ՝ խաղաղության պայմանագիր կնքել։ Եվ դրանից հետո կամ սրան զուգահեռ ակտիվորեն աշխատել սահմանների սահմանազատման վրա և վերջ դնել երկարաժամկետ առճակատմանը»:
Ռազմատենչ դիկտատորը հայտարարել է, թե «Ադրբեջանը խաղաղություն է ուզում»:
«Մենք ցանկանում ենք վերականգնել երկիրը, վերաբնակեցնել մեր նախկին փախստականներին և ապրել խաղաղ: Մենք խաղաղություն ենք ուզում Կովկասում, և դա հասանելի է։ Իսկ Հայաստանը պետք է ընտրություն կատարի»,- նշել է Ալիևը:
Կարծիքներ