«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցրել է համատեղ գործողությունները ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը (ՍԴՈՒ) դադարացրել է բոլոր համատեղ հակաահաբեկչական գործողությունները հակաահաբեկչական կոալիցիայի հետ, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ: Այդ մասին Reuters գործակալության հետ կայացած զրույցում հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Արամ Հեննան, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Այդ որոշման համար պատճառ են դարձել վերջին շաբաթներին Սիրիայի հյուսիսում ՍԴՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծությունները Թուրքիայի կողմից: ՍԴՈՒ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի նոր ներխուժման դեմ պայքարն իրենց թույլ չի տա շարունակել այն կալանավայրերի պահպանությունը, որտեղ գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները և նրանց ընտանիքները:
Արամ Հեննան Reuters գործակալությանն ասել Է, որ «համակարգման և հակաահաբեկչական համատեղ բոլոր գործողությունները կոալիցիայի հետ», ինչպես նաև կանոնավոր անցկացվող «համատեղ հատուկ գործողությունները» դադարեցվել են: Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր թուրք գործընկերոջը հայտնել էր, որ Վաշինգտոնը խստորեն դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը: Միևնույն ժամանակ ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեմ արտահայտվելով Անկարայի ռազմական գործողություններին, նշել են, որ ճանաչում են Թուրքիայի իրավունքը՝ պաշտպանելու իր սահմանները և իր ժողովրդին:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավար Մազլում Աբդին այս շաբաթ ավելի վաղ Reuters-ին հայտնել էր, որ ցանկանում է Վաշինգտոնից ավելի «ուժեղ ուղերձ» տեսնել:
Թուրքիան նոյեմբերի 20-ի գիշերն Իրաքի և Սիրիայի հյուսիսում իրականացրել Էր օդային գործողություն, որի ընթացքում գործի Էին դրվել ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու: Հարվածներ էին հասցվել Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» թիրախների: Թուրքիայի նախագահն այնուհետև հայտարարել Էր Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն իրականացնելու մասին: Ըստ թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների՝ Սիրիայի հետ սահմանակից շրջաններում տեղաբաշխված թուրքական բանակի ստորաբաժանումներն ավարտել են ցամաքային գործողության նախապատրաստումը և հրամանի են սպասում այն սկսելու համար:
Անկարան հայտարարել է, Սիրիայի և Իրաքի հյուսիսին հարվածներ է հասցրել՝ ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությանը, որն, ըստ թուրքական կողմի, կապված է հյուսիսային Սիրիայի քուրդ զինյալների հետ:
Կարծիքներ