Չավուշօղլուն Եվրախորհրդին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել է գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ Եվրախորհրդի վերջին որոշմանը։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Չավուշօղլուն նշել է, որ թուրքական դատարանները կատարել են Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը և վերջինս այժմ բանտում է գտնվում այլ քրեական գործերի շրջանակում։
«ՄԻԵԴ-ի որոշումները վավեր են միայն Թուրքիայի՞, թե՞ 47 երկրի համար։ Բոլորի համար են վավեր։ Ֆրանսիան 10 տարի է, ինչ չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները։ Ժողովրդավարության առաջատար երկրներից Նորվեգիան՝ 2, իսկ Գերմանիան 5 տարի է չեն կատարում։ Ինչու՞ է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միայն Թուրքիային թիրախավորում»,- հայտարարել է Չավուշօղլուն և դժգոհել, որ իրենք բախվում են երկակի ստանդարտների հետ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը, իսկ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչինչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։
Կարծիքներ