Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առաջին եռամսյակի իրական տնտեսական աճը կազմել է 8.6 տոկոս՝ չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին, ճգնաժամերին:

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշը, և մենք առաջին 4 ամիսներով ունենք 9.4 տոկոս տնտեսական ակտիվություն, և նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Արդեն մոտենում ենք 1 մլրդ 300 և ավելի միլիոն դոլարի. սա նշանակում է, որ մեր տնտեսությունն իսկապես ֆանտաստիկայի ոլորտից չէ, որ, չնայած ճգնաժամերին, աշխարհաքաղաքական վիճակին, մենք այս տարի 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք, բայց սրա համար մեզնից՝ բոլորից շատ մեծ ջանք է պահանջվում, և հույս ունեմ, որ մենք այս հնարավորությունը կիրացնենք:

Հույս ունեմ նաև, որ մեր խաղաղության օրակարգը տնտեսության տրամադրությունն ավելի լավը կդարձնի, և մենք այդ նպատակին կկարողանանք հասնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի  հարցին, թե որո՞նք են այն պատճառները, որ չնայած հոռետեսությանը՝ տնտեսությունն այսպիսի դիմակայություն է ցուցադրում՝ վարչապետն ասաց. «Դա նրանից է, որ կոռուպցիոն համակարգ չկա, որ տնտեսությունից այդ փողերը քաշի և տանի ինչ-որ դարակներում, օֆշորային հաշիվներում լցնի: Սա շատ կարևոր հանգամանք է: Բիզնեսն այսօր գիտի, որ ուրիշի հետ հարաբերություն չունի, իր հարաբերությունն իր հետ է, մրցակցային դաշտի հետ է, իր հարկային պարտավորությունների և օրենքի հետ է: Եվ սա առաջին հերթին կապում են սրա հետ, նաև կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում