Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019թ. Չինաստան կատարած իր այցը և ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող իրականացվում են: «Հայաստանն ու Չինաստանը ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և մյուս ուղղություններով», - ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020թ., չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է, ինչը երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկայի մասին է վկայում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար:
Կարծիքներ