Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը կմիավորվեն

Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը կմիավորվեն

Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

«Սա միանշանակ աշխատելու է հօգուտ ոլորտի և գործընթացների՝ ավելի արդյունավետ կազմակերպման, որովհետև այնպես, ինչպես ներկայումս գործում են գերատեսչությունները` կան որոշակի խնդիրներ: Մասնավորապես, ավելի արդյունավետ կկազմակերպվեն ֆունկցիաների բաշխումը տարբեր գերատեսչությունների միջև: Օրինակ` Միգրացիոն ծառայությունն իրականացնում է գործառույթներ, որոնք ավելի տրամաբանական կլիներ, որ իրականացներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և հակառակը՝ անձնագրային վարչությունն ունի գործառույթներ, որոնք, ըստ էության, միգրացիոն կառավարման մի մասն են կազմում, օրինակ` օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրումը և առհասարակ օտարերկրացիների հետ աշխատանքը»,- ասաց Դավթյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` այս պահին Միգրացիոն ծառայությունն օտարերկրացիների հետ աշխատում է միայն ու միայն ապաստանի համակարգի շրջանակներում, մինչդեռ ցանկացած օտարերկրացու մուտք ու ելքը Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, միգրացիայի ոլորտ է:

Ըստ Նելլի Դավթյանի` երկու կառույցների միավորման հիմքում դրված են նաև մասնավոր ծառայությունների որակի բարելավման հարցերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում