Առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից․ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք է հարուցել։ Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։
Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտոերն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։
Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախոր ու իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այս իմաստով Հայաստանն ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ռուսաստանից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Կարծիքներ