Հոկտեմբերին ՕՊԵԿ+ երկրների կողմից նավթի արդյունահանման կրճատման ծրագիրը կատարվել է 101 տոկոսով
Հոկտեմբերին ՕՊԵԿ+ երկրների կողմից նավթի արդյունահանման կրճատման ծրագիրը կատարվել է 101 տոկոսով՝ սեպտեմբերին 102 տոկոսի դիմաց, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՕՊԵԿ+ տեխնիկական կոմիտեի շնորհանդեսին: Այդպիսով, հոկտեմբերին երկրներին հաջողվել է շուկայից հանել օրական 7,8 մլն բարել:
Ընդ որում, ՕՊԵԿ 10 երկրները պահպանել են գործարքի պայմանները 105 տոկոսով, իսկ «ոչ ՕՊԵԿ» երկրները՝ 96 տոկոսով:
Սակայն եթե հաշվի չառնվի համաձայնագրի կատարման առաջին ամիսներին թույլատրված նավթի գերարտադրության դիմաց փոխհատուցման ծավալը, ապա կատարման մակարդակը կազմել է ընդամենը 96 տոկոս:
ՕՊԵԿ+-ում արդյունահանման անարդյունավետ կրճատումները փոխհատուցելու մեխանիզմը ներդրվել է այն պատճառով, որ ոչ բոլոր երկրներն են լիարժեք ծավալով կատարում պայմանավորվածությունները: Սաուդյան Արաբիայի պնդմամբ՝ «պարտապանները» մինչեւ տարեվերջ պետք է ամբողջությամբ փոխհատուցեն նավթի թույլատրելի գերարտադրությունը: Ամենամեծ խախտումները թույլատրվել են մայիս-հունիս ամիսներին: Հոկտեմբերի կեսերին համաձայնագրում թույլատրված գերարտադրության ընդհանուր ծավալը հասել է օրական 2,33 մլն բարելի: Ամենից հաճախ իրենց քվոտաները խախտել են Իրաքը, Նիգերիան եւ Գաբոնը:
Կարծիքներ