Կիմ Չեն Ընը Փհենյանին կոչ Է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտկոմի լիագումար նիստի ընթացքում հայտարարել Է, որ երկիրը պետք Է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես էլ առճակատման: Այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ մեր պետության արժանապատվության և ինքնուրույն զարգացման շահերի պաշտպանության, պետության խաղաղ իրադրության և անվտանգության հուսալի երաշխիքի համար հարկավոր է պատրաստվել և՛ երկխոսության, և՛ առճակատման: Մասնավորապես, առճակատմանը պատրաստվել ավելի հանգամանորեն»,-գրում է ԿԿՀԳ-ն:
Նշվում Է, որ նա «մանրամասն կերպով վերլուծել է երկրի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի՝ նոր առաջացած քաղաքական միտումը և պարզաբանել է հակազդման համապատասխան ռազմավարական ու մարտավարական միջոցները և գործունեության ուղղությունները, որոնք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կկիրառվեն առաջիկա օրերին»:
Կիմ Չեն Ընը նաև կոչ է արել «պատասխանել ամեն ժամ փոխվող իրադրությանը և ջանքեր գործադրել Կորեական թերակղզում ստեղծված իրադրության կայուն հսկողության համար»: Ավելի վաղ ԱՄՆ-ն ավարտել էր Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր քաղաքականության վերլուծությունը: Մայիսի վերջին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը իրենց առաջին անմիջակա գագաթնաժողովն անցկացրեցին Վաշինգտոնում և պայմանավորվեցին Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական փոխգործակցության և լարվածության նվազեցման ուղղությամբ «գործնական» քայլեր ձեռնարկելու շուրջ: Դրա հետ մեկտեղ նրանք հաստատեցին, որ երկխոսությունն առաջ կմղվի նախորդ համաձայնությունների հիման վրա, ներառյալ 2018 թվականին Սինգապուրում ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գործարքը:
Կարծիքներ