Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են

Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են

Ադրբեջանական դատարանն առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի՝ սահմանն ապօրինի հատելու փորձը»: Ըստ հաղորդագրության՝ իբր հայ զինծառայողները սահմանը «փորձել են հատել» Զանգելանի շրջանի տարածքով անցնող վայրում։

Պաշտոնական Բաքուն հայտնել է երկու հայ զինծառայողի ձերբակալելու մասին, իսկ մնացած դիվերսանտները իբր թե «դիմել են փախուստի»:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ նախօրեին երկու հաղորդագրություն տարածեց՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում